(Սկզբից ևեթ ասենք, որ այս հրապարակումը սկսում ենք ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի տողերով, առանց խմբագրական կամ սրբագրական որևէ միջամտության):
«Ընդդիմությունների մի մասը ժամանակին ոչ թե ականջներ էին կտրում, այլ մարդիկ էին անհետանում ընդհանրապես բռնությունների հետևանքով: Այսօր ընդդիմություն են, այն ժամանակ, երբ իշխանություն էին, թող համեմատեն այսօրն ու երեկը»,- ահա այսպես է խորհրդարանի նախագահն արձագանքում վերջին բռնությունների վերաբերյալ ընդդիմության քննադատությանը, իշխանությանը հասցեագրված մեղադրանքներին: Կասեք՝ ինչ կա, որ, մարդը համեմատություն է արել ու՝ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, դրականորեն ներկայացրել է այն ժամանակաշրջանը, որում իրենք կառավարում են: Բացարձակապես չեմ համաձայնի, որովհետև նման մտածողությունը հարիր է մարդկային հարաբերություններին, այլ բարքերին, սակայն ոչ երբեք պետական մտածողությանը: Խորհրդարանի ղեկավարն իրավունք չունի, մտքով անգամ չպետք է անցկացնի որևէ կերպ արդարացնելու բռնությունը, ծեծվողին հիշեցնելու, որ երբ իշխանության էիք, մարդիկ են անհայտացել:
Նախ, ժամանակի մեջ երկիրը պետք է զարգացում ապրի, ամբիցիաներ ունենա ու հայացքն ուղղի ապագային, ոչ թե անընդհատ հայտնվի անցյալը ռևիզիայի ենթարկելու տեղապտույտում: Եվ հետո ու ամենակարևորը. պետությունը նրա համար է, որ խնդիրները կարգավորի իրավական, քաղաքական գործիքներով՝ հրաժարվելով գողական աշխարհում ընդունված բարքերից:
Նույնը վերաբերում է ընդդիմությանը: Ես էլ չեմ կարծում, որ խորհրդարանի խնդիրն է՝ պահանջել որևէ մեկի հրաժարականը, որի իրավասությունը օրենսդիր մարմինը չունի: Խորհրդարանի, առավել ևս՝ ընդդիմության խնդիրը տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալն է, քաղաքական պատասխանատուների վարքագծին անդրադառնալը, եթե հարկ կա, հստակ քաղաքական գնահատականներ տալը, իրավիճակի փոփոխությանը միտված հրաժարականների պահանջը: Քաղաքական պատասխանատվության իմաստով՝ Երանոսյանի հրաժարականը պահանջելը նույնիսկ ծիծաղելի է, որովհետև համարժեք չի ընտրված պատասխանատվության թիրախը: Երանոսյանի ասածները բացարձակապես չեմ արդարացնում, բայց նա ընդամենը բարձրաձայնել է այն բարքերի մասին, որ ընդունված է քաղաքական ողջ համակարգում: Մեր իշխանությունների ու նաև ընդդիմության առաջին դեմքերը հենց այսպես են պատժում մարդկանց, ովքեր համարձակվում են այլ տեսակետ ունենալ: Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանն անհանդուրժողականության խորհրդանիշ է, իսկ Գագիկ Ծառուկյանը եվրոպական տոլերանտությամբ հանդուրժում է այլակարծությունը: Եվ հետո՝ իրավական հարթության մեջ տեղի չի ունեցել որևէ գործողություն, որը թույլ տա խորհրդարանական մակարդակով բարձրացնել Երանոսյանի հրաժարականի հարցը: Նա արել է հրապարակային հայտարարություն, ինչի համար վերադասից ստացել է նկատողություն: Ասում են՝ մարդ է ծեծել կամ այդ ծեծի կազմակերպիչն է եղել: Ես էլ ասում եմ, որ ընդդիմադիրներն էլ Գալուստ Սահակյանի նման «հայավարի» են մտածում: Ռազմիկ Պետրոսյանն ու Մանվել Եղիազարյանը իրավապահ մարմիններին չեն դիմել, ֆորմալ առումով՝ բացակայում է այն բազան, որը մարդու հրաժարական պահանջելու հիմքը պետք է լիներ:
Մեր իշխանությունն ու ընդդիմությունը առաջնորդվում են ոչ թե օրենքներով կամ քաղաքական տրամաբանությամբ, այլ «понятия»-ներով, և երկրում պետական մտածողության դեֆիցիտ է, լուրջ դեֆիցիտ:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ